ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Միշտ չէ, որ ընդդիմությունը նախագահի հրաժարականն է պահանջում»

«Միշտ չէ, որ ընդդիմությունը նախագահի հրաժարականն է պահանջում»
03.07.2009 | 00:00

ԱՐԶՆԻՆ ՊԱԿԱ՞Ս ԲՈՐԺՈՄ Է
ԵԽԽՎ նստաշրջանում հերթական բանաձևը «վաստակելուց» հետո Հայաստանում կրկին երկու տեսակետ է գերիշխում` պարտավորությունների կատարումից գոհ իշխանություն և դժգոհ ընդդիմություն։ «Թեև իշխանություններն անընդհատ պնդում էին, որ գրեթե բոլոր պարտավորություններն իրականացրել են, սակայն Հայաստանը կրկին մոնիտորինգի «տակ» մնաց։ ՈՒրեմն, ո՞ր հարցերում են իշխանությունները թերացել»,- հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ։
-Ոչ մի հարցում,- ասաց պարոն Պետրոսյանը։- Կա երկու տեսակի մոնիտորինգ` շատ խիստ և պարզապես հսկողություն ենթադրող։ Այս երկրորդ տեսակի մոնիտորինգն է կիրառվելու Հայաստանի նկատմամբ, այսինքն` հսկողություն է սահմանվելու, որպեսզի շարունակվի ժողովրդավարական սկզբունքների ամրապնդումը։ Նախորդ նստաշրջաններում Եվրախորհուրդը պարտադրելու պես առաջարկում էր ազատել բոլոր այլախոհներին և կալանքի տակ պահել միայն քրեական հանցագործություն կատարած անձանց։ Այժմ այսպիսի կոնկրետ առաջարկներ չկան, ուղղակի Հայաստանը մնում է մոնիտորինգի տակ, ինչը նշանակում է, որ ԵԽ-ի զեկուցողները կշարունակեն այցելել Հայաստան ու հետևել ժողովրդավարական գործընթացներին, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, համաներումը մինչև վերջ իրականացնելուն։
-Ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունները համաներում հայտարարել են Եվրախորհրդի ճնշմամբ։ Եթե այդպես չէ, ինչո՞ւ ավելի շուտ համաներում չհայտարարվեց։
-Ո՛չ, ոչ մեկի պարտադրանքով էլ չի արվել։ Բազմիցս ասվել է, որ համաներումն ինչ-որ չափով կապված է ԵԽ-ի պահանջների կատարման հետ, բայց իրականում դա ամենից առաջ հասարակական պահանջի արդյունք էր։ Եվս մի հանգամանք. քրեակատարողական հիմնարկներում կալանավորները շատացել են, ու նոր կալանավորներին տեղավորելու խնդիր է առաջանում։ Համաներումը չպետք է կապել նաև միայն մարտի 1-ի դեպքերի հետ, քանի որ կալանավորվել ու դատապարտվել է շուրջ հիսուն մարդ, իսկ համաներումը տարածվում է 2000 մարդկանց վրա, որոնց գերակշիռ հատվածը որևէ կապ չունի մարտի 1-ի հետ։
-Այդուհանդերձ, հաճախ է հնչում այն տեսակետը, թե համաներումը կիսատ-պռատ է իրականացվում։
-Որպեսզի հասարակական անվտանգությունն ու պետական կարգն ամուր լինեն, իշխանությունները չեն կարող բոլորին միաժամանակ ազատ արձակել։ Պետությունը միշտ էլ համաներում կիրառում է նրանց նկատմամբ, ովքեր կատարել են հիմնականում ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործություններ։ Հանցագործությունների դեմ պայքարի թուլացումը նշանակում է թուլացնել պետությունը։ Իսկ մարտի 1-ի դեպքերի հետ առնչվող շատ քիչ կալանավորներ են, ովքեր ծանր հոդվածներով չէին դատապարտվել։ Դրանց թվում են հետախուզման մեջ գտնվողներն ու մեկ պատգամավոր (Խաչատուր Սուքիասյան.- Ռ. Խ.)։
-Անդրադառնանք քաղաքական պլատֆորմներին, որոնք նախաձեռնել են ընդդիմադիր ուժերը։ Ձեր կարծիքով` հնարավո՞ր է, որ «Ժառանգություն»-ՀԱԿ-ՀՅԴ համագործակցությունը կայանա այս ձևաչափում։
-«Ժառանգության» և ՀՅԴ-ի հնարավոր միավորման մասին խոսակցություններ եղան, բայց ՀՅԴ-ն հայտարարեց, որ համատեղ ընդդիմություն դառնալու համար ընդհանրություններ չունեն։ Սակայն ոչինչ չեմ կարող բացառել։ Հնարավոր է` ընդդիմադիր որոշ ուժեր համախմբվեն, ժամանակավոր համաձայնության գան որոշ հարցերի շուրջ և միասնական գործեն։
-Չնայած ընդդիմություն դառնալու դաշնակցության որոշմանը, կոնգրեսականները հայտարարում են, թե ՀՅԴ-ին դեռևս չեն տեսնում ընդդիմության ճամբարում։ Որպես կոալիցիոն նախկին գործընկեր, ՀՅԴ-ն, Ձեր գնահատմամբ, ընդդիմություն դարձե՞լ է, թե՞ ոչ։
-Վերջին քառօրյան ցույց տվեց, որ արդեն ընդդիմություն է։ Սեպտեմբերին, երբ կսկսվի ԱԺ աշնանային նստաշրջանը, այդ ժամանակ էլ կերևա, որ ՀՅԴ-ն արմատական ընդդիմություն է դարձել։ Այսօր դեռևս կայացման ընթացքի մեջ է:
-Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ արմատական ընդդիմություն դառնալու հայտ ներկայացնելով` ՀՅԴ-ն չի պահանջում նախագահի հրաժարականը։
-Միշտ չէ, որ ընդդիմությունը նախագահի հրաժարականն է պահանջում։ Ինչո՞ւ պետք է նախագահի հրաժարականը պահանջի, եթե նման բան հնարավոր է սահմանադրությամբ նախատեսված կոնկրետ դեպքերում, որոնք այսօր չկան։
-ՀՅԴ-ն իշխանությունների այսօրվա արտաքին քաղաքական կուրսին դեմ է, իսկ արտաքին քաղաքականության երաշխավորը, ՀՀ սահմանադրության համաձայն, նախագահն է։ Սա արդեն հիմք չէ՞։
-Արտաքին քաղաքականությանը դեմ են դաշնակցության հիմնական ուժերը, որոնք արտասահմանում են, և հայաստանյան դաշնակցությունն էլ, սփյուռքի կուսակիցներին չնեղացնելու համար, այսպիսի քայլերի է գնում։
-Ասել է` Դուք էլ եք կիսում այն տեսակետը, թե Հայաստանի ու սփյուռքի դաշնակցականների միջև որոշակի խնդիրներ կան։
-Որոշակի խնդիրներ կան, ու որպեսզի դրանք չլինեն, Հայաստանի դաշնակցականներն ընդառաջ գնացին սփյուռքի ընկերներին` հրաժարվելով պետության կառավարման մեջ ունեցած մասնակցությունից։ Այնպես որ, սահմանադրությամբ նախագահի հրաժարական պահանջելու ոչ մի հիմք չկա, ու ՀՅԴ-ն չի կարող նման պահանջով հանդես գալ։
-Եվ վերջում. Դուք հիմա հանգստանում եք Արզնիում (Ռաֆիկ Պետրոսյանի հետ զրուցել ենք հեռախոսով.- Ռ. Խ.)։ Ենթադրում եմ, որ հետևում եք վարչապետի հորդորին ու Ձեր հանգիստը կազմակերպում եք Հայաստանի ներսում։
-Սրտի վիրահատությունից հետո նախընտրում եմ Արզնիում հանգստանալ, որովհետև շատ հարմար տեղ է։ Կարծում եմ` պաշտոնատար անձանց մեծ մասը կմնա Հայաստանում։ Նրանք, ովքեր պաշտոններ չեն զբաղեցնում, էլի կշարունակեն գնալ Անթալիա, Կիպրոս, էստեղ-էնտեղ։ Այո՛, պաշտոնյաների մեծամասնությունը պետք է ընդառաջի կառավարության հորդորին ու մնա Հայաստանում։ Գումարներն էլ կմնան Հայաստանում, մեր օբյեկտներն էլ լավ կաշխատեն։ Մանավանդ որ Բորժոմից պակաս հանգստավայր չէ Արզնին:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ